Թևանյան Անդոն, փորձելով ապացուցել, թե իբր ինքն ու իր ուժն ունեն հստակ, մրցունակ իդեաներ ու դիրքորոշում, հստակեցրել էր թե ինչպես է տեսնում հայ-ադրբեջանական խնդրի լուծումն այս իրավիճակում: Ըստ Անդոյի՝ քանի որ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Արևմուտքը դեմ չեն արցախցիների տունդարձին, ուստի իրենք այդ հարցը դնելու են սեղանին, իսկ ահա հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ-երաշխավոր դարձնելու են ՌԴ-ին:
Քաղաքագետ Անդոն տեղյա՞կ է ներկայումս միջազգային հարաբերություներում տեղի ունեցող պրոցեսներից, տեղյա՞կ է, որ Մոսկվան ու Չինաստանը փորձում են ձևավորել նոր բևեռ, որին ամեն գնով ընդդիմանում է կոլեկտիվ Արևմուքտը, ու հայտնի էլ չէ, թե երբ է այս բախումն ավարտվելու նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ընտրությւոններում հաղթել է Թրամփը: Չգիտի՞, որ այն ողբերգությունը, որի մեջ ընկավ Արցախը, հենց այս բախման էր: Այսինքն՝ եթե չլիներ Արևմուտք-ՌԴ ուժեղ բախումը, Նիկոլն էլ, ըստ էության, երբեք Հայաստանի վարչապետ չէր դառնալու ոի այս ողբերգական իրադարձություններին ականատես չէինք դառնալու:
Անդոն խաբում է՝ հայտարարելով, թե իր առաջարկած բանաձևը ելք է. եթե Հայաստանը միջնորդ-երաշխավորի ֆունկցիաները տալիս է ՌԴ-ին, ապա ուզած-չուզած բախման մեջ է հայտնվելու Արևմուտքի հետ: Այլ բան, եթե Անդոն որոշել է Հայաստանը տանել հստակ պրոռուսական դաշտ, բայց եթե նա հայտարարում է, որ իրենք զուգահեռաբար լավ հարաբերություններ են ունենալու նաև Արևմուտքի հետ, ապա դա դեմագոգիա է՝ առնվազը ներկա իրողությունների պայմաններում իրականության հետ ոչ մի կապ չունեցող: